Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Մի՛ գողացիր». գողության վերջը բանտն է կամ գերեզմանոցը

«Մի՛ գողացիր». գողության վերջը բանտն է  կամ գերեզմանոցը
14.11.2014 | 11:47

Տասնաբանյա պատվիրանն ասում է՝ մի՛ գողացիր, չի ասում` երբեմն գողացիր կամ քիչ գողացիր, այլ ուղղակի արգելում է «մի՛» խոսքով: Պիտի հասկանանք ու գիտակցենք. այն, ինչ քրտինքով է, խղճով է, մաքուր ու արդար է, դա է հավիտենականը և աստվածայինը, մնացածը փուչ է և կործանարար: Ապրենք մաքրությամբ:
Այս պատմությունը կորեական է: Կարդացեք ուշադրությամբ:

ԶԱՐՄԱՆԱԼԻ ԴԱՏ
Մի ծեր մետաքսավաճառ մի անգամ թանկարժեք բեռուբարձով ուղևորվեց Փհենյանից դեպի հարավ: Նա ուզում էր Սարիվոնում երեսուներկու փաթեթ նրբահյուս շողշողուն մետաքս վաճառել: Ճանապարհին մութը վրա ընկավ: Ոչ գյուղ, ոչ հյուրանոց մոտակայքում չկային: Բարեբախտաբար, հենց ճամփեզրին վաճառականը մի ինչ-որ մեծահարուստի պարսպապատ գերեզմանոց տեսավ: Գերեզմանոցի բլրի աջ և ձախ կողմերից երկու մեծ քանդակներ էին կանգնած, որ պատկերում էին մինիստրների կամ գիտունների:
Դրանց կողքին երկու նժույգ էր կանգնած: Այստեղ էլ վաճառականը որոշեց գիշերել: Նա իր բոլոր փաթեթներն իրար կապեց և գլխի տակ դրեց: Շոգից և երկար ճանապարհից ուժասպառ` նա շատ շուտով ննջեց: Երբ առավոտյան արթնացավ, մետաքսի կապոցը գլխատակին չէր, դրա փոխարեն մի կոպիտ քար էր: Վաճառականը սարսափահար վեր թռավ, նրա բազմամյա աշխատանքի պտուղները, որ պիտի կերակրեին իրեն ու ընտանիքին, ինչ-որ մեկն առևանգել էր: Նա տեղնուտեղը փութաց մանդարինի մոտ և նրան պատմեց իր դժբախտության մասին:
Մանդարինն այդ հայտնի էր իր արդարությամբ առ աղքատներն ու հալածյալները, իսկ չարագործների հանդեպ նա անողոք էր: Այդ պատճառով ժողովուրդը նրան սիրում ու փառաբանում էր: Լսելով վաճառականին, մանդարին-դատավորը հարցրեց.
-Արդյոք գերեզմանոցի մոտակայքում ոչ մեկին չե՞ս տեսել:
-Ոչ մեկին, պարոն,- պատասխանեց վաճառականը,- բացի երկու մեծ քարարձանից, որ կանգնած էին գերեզմանաբլրի երկու կողմում:
-ՈՒրեմն, ոչ մի կենդանի էա՞կ,- դարձյալ հարցրեց դատավորը:
-Ոչ, ես իրոք ոչ մի մարդու չեմ տեսել:
-Դե ինչ, ուրեմն ստիպված կլինենք այստեղ հասցնել այդ քարարձանները,- որոշեց մանդարինը,- թող նրանք վկա լինեն:
Մարդիկ զարմացած էին՝ ինչո՞ւ քարուքանդ անել գերեզմանոցը և բերել մունջ քանդակները: Բայց դատավորն իրենն էր պնդում:
-Դատարանն ու արդարությունը դա են պահանջում,- ասաց նա: -Գողությունը մեծ չարագործություն է, այն զզվելի է նույնիսկ անբառ էակների համար:
Ականատեսներին շատ հետաքրքիր էր, թե ինչ կլինի հետո: Բոլորն ուզում էին ներկա գտնվել այդ զարմանալի դատին: Դատավորը սկզբում չէր ուզում թույլ տալ, բայց հետո համաձայնեց, որ տեղաբնակներից երեսուն հոգի ներկա գտնվի այդ դատաքննությանը: Դատը սկսվեց: Սկզբում ընթերցվեցին ինչ-որ հատվածներ դասական չինական գրքերից, իսկ հետո` մի քանի պարբերություն տեղային օրենսգրքից: Այդժամ դատավորը բարձր և հանդիսավոր հարցրեց քարարձանին, որ բերվել էր գերեզմանոցից դատարանի դահլիճ.
-Դո՞ւ ես գողացել մետաքսը:
Քանդակը լռում էր:
-Քանի որ նա չի ուզում խոսել, նրան մահակով մի վաթսուն անգամ հարվածեք,- ասաց դատավորը:
Ծառայողները վերցրին իրենց ծանր կաղնեփայտերը և սկսեցին քարը ծեծել: Այդտեղ մարդիկ չկարողացան իրենց ծիծաղը զսպել: Լսելով այդ` մանդարինը հանկարծ զայրացավ.
-Երբ ես իմ որոշումներն եմ կայացնում, ոչ մեկը ծիծաղելու իրավունք չունի,- բացականչեց նա,- դրա համար բոլորդ կպատժվեք:
Մարդիկ սկսեցին ներողություն խնդրել, բայց մանդարինն անողոք էր:
-Ես ձեզ դատապարտում եմ տուգանքի,- ասաց նա:- Ձեզնից յուրաքանչյուրը պիտի գնի մի փաթեթ մետաքս և բերի այստեղ:
Երեսուն բնակիչները, որ ներկա էին դատավարությանը, փորձեցին վիճել, բայց ի վերջո ենթարկվեցին և, որպեսզի ավելի խիստ պատժի չարժանանան, լքեցին դատարանի դահլիճը: Որոշ ժամանակ անց նրանք վերադարձան: Նրանցից յուրաքանչյուրը թևատակին մի փաթեթ մետաքս էր կրում: Վաճառականը հազիվ էր տեսել հյուսվածքը և մեկ էլ բացականչեց.
-Բայց սա հենց այն մետաքսն է, որ ինձնից գողացել էին:
Մանդարինը բոլորին հարցուփորձեց, թե ում մոտից էին այդ գործվածքը գնել: Վաճառողին դատարան բերեցին, իսկ շուտով գտան և գողին: Այդպես երկու քարարձաններն իսկապես մերկացրին հանցագործին և ապացուցեցին, որ նույնիսկ մունջ էակների համար գողությունը զազրելի է:

Տեր Հովսեփ Ա. քահանա ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1234

Մեկնաբանություններ